2010 թվականի նոյեմբերի 7-ին Ռուսաստանում տեղի ունեցան մի քանի կարևոր ու թերևս շրջադարձային պատմական իրադարձություններ։ Առաջին և գլխավոր իրադարձությունը դեսանտայինների լայնորեն տարփողված հանրահավաքն էր Մոսկվայի Պոկլոննայա գորայում։ Հանրահավաքում ելույթ էին ունենում օդադեսանտային զորքերի և այլ զորատեսակների սպաներ։ Նրանք հայտարարում էին, թե կառավարության և պաշտպանության նախարարության ձեռնարկած ռազմական բարենորոգումը տանում է բանակի փլուզման, և ընդսմին նկատում էին, որ նման իրավիճակում իրենք ստիպված են միջամտել քաղաքականությանը։ Այնտեղ կայսերական սև-դեղին-սպիտակ դրոշների մեծ քանակություն էր, ինչը շատերը գնահատեցին իբրև համախորհրդանիշ։ Նկատենք, որ վաղուց ի վեր ռուս հայրենասերների շրջանակներում խոսակցություններ են ընթանում, որոնք շոշափում են բանակի` որպես ռուս ժողովրդի ներկայացուցչի և պաշտպանի, մի տեսակ ազգային դրոշակակիր ուժի խնդիրը։ Այդ խոսակցությունները տարբեր էին` սկսած «զինվորական հեղաշրջումից», որը կփրկի Ռուսաստանը, վերջացրած արտաքին սպառնալիքից Ռուսաստանը փրկելով։ Միջոցառման նախօրյակին մամուլում տպագրվել էին բազմաթիվ հարցազրույցներ զանազան հայրենասիրական և մի ամբողջ շարք բարձրաստիճան, հիմնականում պաշտոնաթող սպաների կոչերով։ Նրանք, փաստորեն, միաձայն կոչ էին անում վերածնել տերությունը, խոսում էին բանակի` որպես Ռուսաստանի «միակ բարեկամի» մասին և, ըստ հաստատված ավանդույթի, խարազանում էին «միջազգային դավադրությունն» ու նրա վարձկաններին, որոնք խրամատավորվել են իշխանության մեջ։ Դեռ ավելին, միանգամայն աննախադեպ իրադարձություն էր հանրահավաքի ուղիղ հեռարձակումը բազմաթիվ ռադիոկայաններով։ Մինչ այդ օրը ոչ մի ռուսական ազգային ներուժ ուղիղ հեռարձակում չէր կատարել բոլորին հետաքրքրող իրադարձությունների վայրից։ Սակայն, ինչպես նշում են փորձագետները, ընդ որում` հիմնականում ազգայնական բնույթի, այդ նույն օրը տեղի ունեցավ «ամենախայտառակ իրադարձությունը ռուսաստանյան բանակի համար»։ Նրանք հարց են տալիս` «մի՞թե Մոսկվայում և մարզում չգտնվեց 10 հազար դեսանտային», և տխրությամբ ավելացնում են, որ թեպետ «աներևակայելի փրկությանը շատ բառեր ու տպագիր խոսքեր են նվիրվել», հազարանոց հանրաքվեի իրողությունը ցույց տվեց, թե ինչ է Ռուսաստանի Դաշնության բանակը։ Դեռ ավելին, եթե այդպես են վերաբերվում սպաները, թախծում են հայրենասերները, ապա հասկանալի է, որ ռուս մարդկանց հիմնական զանգվածին առավել ևս քիչ են հետաքրքրում «Բանակն ու նավատորմը պաշտպանենք չինովնիկ Սերդյուկովի կամայականությունից» և «Թույլ չտանք խարխլել պետության անվտանգությունը» կարգախոսները։ Ոչ ոքի չոգևորեցին նաև Ռյազանի ուսումնարանի տարածքում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցու տաճարը պաշտպանելու պահանջները, որը հրամայել է քանդել Սերդյուկովը։ Ընդգծվում է, որ հանրահավաքի նախօրյակին «զինվորական ղեկավարության համար, հավանաբար, բավարարել էին ինչ-որ խնդրանքներ, իսկ որպես հետևանք բանակի որոշ «պաշտպաններ» միանգամից ընկրկել էին` հանրահավաքը մատնելով դանդաղ մարման»։ Այնուհետև օդադեսանտային զորքերի ղեկավարությունը հայտարարել էր, որ լիովին պաշտպանում է Սերդյուկովի բարենորոգումը, իսկ հայտարարված բողոքները սոսկ հատուկենտ կարծիքներ են։ Այսպիսով, ռուսաստանցի շատ դիտորդներ այն կարծիքին են, որ «իրականում Պոկլոննայա գորայում թռիչքների քննությունը լուրջ վերլուծության նյութ է, պատահական չէ, որ նախօրյակին հանկարծամահ եղավ երկու գեներալ, իսկ օդադեսանտային զորքերի հրամանատարը մի ոտքով ամուր կանգնեց գերեզմանում»։ Ազգայնական շարժումների ներկայացուցիչներն ընդսմին հայտարարեցին, թե «արդեն ակներև է, որ երկրում այլևս չկա բանակ, որպես կազմակերպություն, այնտեղ չկա նաև ոչ մի գաղափար, և այդ զինվորականության զանազան կարգի բոլոր միություններն ավելին չեն, քան ակումբներ ըստ հետաքրքրությունների», և դատելով ամեն ինչից, ո՛չ գործող բանակը, ո՛չ էլ այն պաշտպանողները չունեն ոչ մի կռվան, որ ինքնուրույն դեր խաղան Ռուսաստանի քաղաքական շարժման մեջ։ Նրանց պնդմամբ, «այսուհետև ռուսական շարժումը չի տրվի դատարկ պատրանքների, քանի որ դա բանակ չէ, դա ազգի խայտառակությունն է, իսկ եթե խոսելու լինենք ապագա Նոր Ռուսաստանի բանակի մասին, ապա ռուսական զորքը մենք ստիպված կլինենք ստեղծել նորից։ Ահա այսպիսի պատմական արդյունքներ»։ Անչափ հետաքրքիր է, որ հայրենասերների այդ դժգոհության կրակին յուղ լցրին նաև ռուսական ԶԼՄ-ների այն հաղորդումները, որ Վոլգա-ուրալյան զինվորական օկրուգում` մեկն այն վեցից, որոնց բաժանված է երկիրը, կրոնական հարցումներ են անցկացվել ժամկետային զինծառայողների շրջանում։ Այդ տվյալները պայթած ռումբի տպավորություն էին թողել, քանի որ զինվորների 60 տոկոսն իրեն հայտարարել էր մահմեդական, 30 տոկոսը` ուղղափառ, և 10 տոկոսը` ոչ ուղղափառ քրիստոնյա (բողոքականներ ու կաթոլիկներ)։ Նկատենք, որ պարբերաբար տեղեկություններ են ստացվում հիմնականում մահմեդականներից կազմավորված առանձին զինվորական ստորաբաժանումների մասին, բայց առաջին անգամ հայտնի դարձավ, որ ամբողջ զինվորական օկրուգում այդչափ հսկայական քանակություն են կազմում իսլամը դավանող զինվորները։ Նկատի ունենալով, որ Ռուսաստանի ընդհանուր բնակչության մեջ մահմեդականներն այդքան բարձր տոկոս չեն կազմում, օրինական է հարց տալ, թե ինչպես է պատահել, որ իսլամի հետևորդ այդքան զինվորներ են հայտնվել զորքերում։
Ռուբեն ԱՅՎԱԶՅԱՆ